ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղությունների ու հեռանկարների շուրջ։

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցության ու դրամաշնորհային ծրագրերին։

Դեսպան Անն Թովթ Սորենսենն իր հերթին խոսել է տեխնոլոգիական ոլորտում Դանիայի ձեռքբերումների մասին, նշել, որ հետաքրքրված է հայկական ընկերությունների գործունեությամբ և իր լիազորությունների շրջանակներում ջանքեր կգործադրի ոլորտային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, հայկական ոլորտային ընկերությունների վերջին ձեռքբերումներին, թվայնացման, կիբեռանվտանգության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը վերահաստատվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: