Եվրամիությունն իր տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Բելառուսի դիրքորոշումը հաշվի կառնի այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելիս, հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կապված է կոնկրետ գործողությունների հետ։ Այսինքն, եթե նույնիսկ նախկինում պատժամիջոցներն արդեն քննարկվել են, ապա դրանք կհարմարեցվեն իրադարձությունների զարգացմանը եւ էսկալացիային»,-ասել է նա։

Ստանոն հավելել է․ «Դա կլիներ էսկալացիա եւ սպառնալիք եվրոպական անվտանգության համար, եւ դա անպատասխան չի մնա ԵՄ անդամ պետությունների կողմից: Եթե դա տեղի ունենա, ապա կլինեն համապատասխան հետեւանքներ»։

Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությանը, ապա ԵՄ ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ հարցը՝ վկայակոչելով ապագա սահմանափակող միջոցների շուրջ ցանկացած բանակցությունների գաղտնիություն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են, որ, չխախտելով միջազգային պարտավորությունները, մարտավարական միջուկային զենք կտեղակայեն Բելառուսում: