Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արին-Բերդի 5-րդ նրբանցքով երթևեկում է մի մեքենա, որի վարորդը թմրամիջոցներ է տեղադրում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահները ճշտում են ստացված տվյալները և շարժվում այդ ուղղությամբ։ Նրանք հենց Արին-Բերդի 5-րդ նրբանցքում հայտնաբերում, ձերբակալում և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխում 26 և 32 տարեկան երկու երևանցիների։

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված սարք։ 26-ամյա վարորդի հայտնածով՝ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Նախաձեռնվել է քրեկան վարույթ։ Հանգամանքները պարզվում են։