Մարտի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4446 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 մեքենա։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 245 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 115, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 262, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 410 իրավախախտումներ։ 198 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 394-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6766 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 103, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 450 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 901, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 174 իրավախախտումներ։ 295 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1345-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 40 անձ։