Եվրահանձնաժողովը մտադիր է վերաֆինանսավորել ռազմամթերքի համար ԵՄ անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը եւ եւս 1 մլրդ եվրո ներգրավել՝ պաշարների համալրման մրցույթների հայտարարման միջոցով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ այցելելով լեհական Dezamet գործարան, որը ռազմամթերք է արտադրում լեհական արտադրության Krab ինքնագնաց հաուբիցների համար։

«Նախ, մենք կարող ենք ԵՄ անդամ բոլոր երկրներին ասել, որ եկել է ժամանակը Ուկրաինային տրամադրելու այն ռազմամթերքը, որը ներկայումս ունենք պահեստներում։ Խոսքը 155 մմ, 120 մմ եւ այլ տրամաչափերի մասին է»,- ասել է եվրահանձնակատարը։ «Անդամ երկրներն իրենց պահեստներում ռազմամթերք ունեն, եւ մենք հորդորում ենք դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Կարեւոր է դա անել միանգամից»,- հավելել է նա:

«Առաջին անգամ մեր ծրագրերի շնորհիվ մենք կկարողանանք վերաֆինանսավորել անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը: Մենք կունենանք նաեւ փաթեթ, որի շրջանակում մենք մրցույթներ կհայտարարենք՝ ռազմամթերք արտադրող երկրներն ու ընկերությունները կկարողանան  փոխանցել իրենց առաջարկները։ Դա կլինի եւս 1 միլիարդ եվրո՝ մեր պաշարները համալրելու համար»,- ասել է եվրահանձնակատարը։