Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր մարդկանց» ներդնել ուժային կառույցներում։  

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վուգար Մուստաֆաեւը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար։ 37-ամյա Վուգար Մուստաֆաեւն իր կարիերան սկսել է 2006-2008 թվականներին՝ աշխատելով տարբեր ընկերություններում՝ որպես աշխատակիցների ուսուցման հարցերով համակարգող, ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման մասնագետ։

2009-2012 թվականներին աշխատել է որպես գլխավոր մասնագետ Erst & Young միջազգային աուդիտորական ընկերությունում, 2012-2014 թվականներին՝ Azerfon ՍՊԸ-ում ներքին աուդիտի բաժնի տնօրեն, 2014-2022 թվականներին  տարբեր պաշտոններ է զբաղեցրել PASHA Holding ՍՊԸ-ում եւ դրա կազմի մեջ մտնող ընկերություններում։ Մինչ այս նշանակումը Մուստաֆաեւը եղել է PASHA Sığorta ԲԲԸ-ի եւ Paşa Hayat Sığorta ԲԲԸ-ի հսկիչ հանձնաժողովների նախագահը։

Ավելի վաղ  պաշտպանության փոխնախարար էր նշանակվել Ագիլ Գուրբանովը։ Գուրբանովին եւ Մուստաֆաեւին միավորում է իրենց աշխատանքային գործունեությունը՝ ի շահ Մեհրիբան Ալիեւայի։ Գուրբանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի առաջին տիկնոջը պատկանող PASHA Holding LLC-ում եւ PASHA Investments-ում։