Արցախի Կառավարությունում այսօր՝ մարտի 27–ին, քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Քննարկվել են մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները եւ ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինի նրա դերը, առաջադրված խնդիրը եւ պարտականությունները»,– գրել է նա։