Երևանի որոշ թաղամասեր ու նորակառույց շենքեր զուրկ են գազամատակարարումից. պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է: Եթե նոր սպառողները միանան գործող համակարգին, ապա հնարավոր է, որ գազամատակարարումը խաթարվի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Գազամատակարարման ոլորտի խնդիրները քննարկվել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացրել է խնդրի լուծման իր տարբերակը: Փորձնական ծրագիրն արդեն կյանքի է կոչվել. կառուցապատողները միավորվել ու սեփական միջոցներով կառուցել են գազատար՝ ապահովելու բնակիչների պահանջարկը:

Շուրջ 6.5 կմ-ոց նոր ցանցը նաև ընդլայնման հնարավորություն ունի:

Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ, առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, նաև կապի  ցանցի ընդլայնման խնդիրը: Քաղաքային իշխանությունը պատասխանատու կառույցների հետ ամենօրյա աշխատանքներ է տանում՝ իր լիազորության շրջանակում նպաստելու առկա խնդիրների լուծմանը: