Անօրինական թմրաշրջանառությամբ զբաղվողներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում համացանցի հնարավորությունները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանությունն էլ, որ 2023 թվականը հռչակել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի, հատուկ ուշադրություն է դարձնում համացանցի կամ փոստային առաքումների միջոցով իրականացվող թմրաշրջանառությանը: Ի դեպ, անցած տարի Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվեց թմրաշրջանառության դեմ պայքարի նման բաժին: Եվ արդյունքը երկար սպասել չտվեց. այդպիսի հանցատեսակների բացահայտման ցուցանիշն անընդհատ բարելավվում է:

Հերթական դեպքը բացահայտեցին Դավիթաշենի ոստիկանները: Բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 25-ին, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Դավիթաշենում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժանմունք տեղափոխեցին Արթիկի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Ըստ երիտասարդի` մարիխուանան ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու նպատակով: Հետագա միջոցառումներով Դավիթաշենի տարբեր վայրերում հայտնաբերվեց երիտասարդի տեղադրած ևս 15 փաթեթ` մոտ 30 գրամ ընդհանուր քաշով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: