ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում երկաթուղային նոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Valley News հեռուստաալիքին։

«70 վագոններից բաղկացած գնացքը դուրս է եկել ռելսերից, արտահոսել է ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքը»,- ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել Ռիչլենդ կոմսությունում՝ Վինդմիր բնակավայրի մոտակայքում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 31 վագոն դուրս է եկել ռելսերից:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փրկարարներն այժմ սկսել են տարածքի մաքրման աշխատանքները, որոնք, ինչպես սպասվում է, կտեւեն 7-10 օր: