Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Հունգարիայի Ազգային ժողովի կայքի տեղեկատվությունը։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելուն կողմ է քվեարկել 117 պատգամավոր, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 18։ Ավելի վաղ իշխող «Ֆիդես» խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել էր, որ Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցով կքվեարկի մարտի 27-ին, իսկ Շվեդիայի անդամակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ ասել էր, որ Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միացումը, սակայն հունգար խորհրդարանականները ոգեւորված չեն այն վավերացնելուց, քանի որ այդ երկրների իշխանությունները «անամոթ ստեր» են տարածում Հունգարիայի մասին։ Բացի այդ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ անմիջական սահմանը կաճի 1000 կիլոմետրով։