Թալիբան շարժման ներկայացուցիչները ձերբակալել են Աֆղանստանում հայտնի իրավապաշտպան Մաթիուլլահ Վեսային, որը երկրում աղջիկների տնային ուսուցումը կազմակերպում էր իշխանությունների կողմից կանանց կրթության արգելքի պայմաններում: Այս մասին երեքշաբթի հայտնել է աֆղանական Khaama Press գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպանի հարազատներին։

Գործակալության տվյալներով՝ Վեսային թալիբները ձերբակալել են Քաբուլի արեւմուտքում գտնվող իր տնից ոչ հեռու։ Նրա գտնվելու վայրն անհայտ է։ 

ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Վեսայի ձերբակալության կապակցությամբ։ Աֆղանստանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Բենեթը Twitter-ի իր էջում նշել է, որ համաշխարհային կազմակերպությունում անհանգստացած են այն հաղորդագրության կապակցությամբ, որ հայտնի մանկավարժը, որը քաղաքացիական հասարակության առաջատար անդամ է եւ PenPath-ի հիմնադիրը, Քաբուլում ձերբակալվել է թալիբների կողմից։ Բենեթը նաեւ կոչ է արել իշխանություններին հարգել մարդու իրավունքների պաշտպանի օրինական իրավունքները: