Թուրքիայի քաղաքացուն մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում հիվանդության թերթիկը կեղծելու համար, հայտնում է DHA-ն։

Կոնյա նահանգում մասնավոր բուժկենտրոնի աշխատակից Սաիտ ՈՒ․-ն 4 օր բացակայել է աշխատանքից հիվանդության պատրվակով, որպես ապացույց նա կենտրոնի ղեկավար Մեհմետ Էվրիմին հիվանդության թերթիկ է ուղարկել։

Էվրիմը ցանկացել է հիվանդանոցում այցելել աշխատակցին, սակայն նա հրաժարվել է։

Էվրիմի կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ Սաիտը հիվանդանոցում չի հայտնվել, նա նաեւ հասցրել է սոցցանցում լուսանկար տարածել Մերսինի լողափից։

Սաիտն իրավիճակը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսի կասկածներ է ունեցել եւ չի գնացել հիվանդանոց, եւ ծանոթ բուժքրոջը խնդրել է հիվանդության թերթիկ պատրաստել։ Նա թերթիկի լուսանկարն ուղարկել է հեռախոսով։

Կենտրոնի ղեկավարը դատի է տվել աշխատակցին, առաջին դատական նիստը նշանակվել է հուլիսին։ Աշխատակցին խարդախության եւ փաստաթղթերի կեղծման համար մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ բժշկին եւ բուժքրոջը մինչեւ 11 տարվա ազատազրկում` լիազորությունները չարաշահելու եւ փաստաթղթերը կեղծելու համար: