Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը հրապարակեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երեւույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը: Ուստի չեմ ընդունում բացարձակապես»։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը եւ Լեւոն Երանոսյանը կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: