Եվրամիությունը մոտ 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ նրա կայունության ամրապնդման համար, երեքշաբթի Քիշնեւում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եվրամիությունը լիովին համերաշխ է Մոլդովայի ժողովրդի հետ, եւ դուք իսկապես միայնակ չեք այս դժվարին ժամանակաշրջանում։ Անցած տարվա ընթացքում մենք հավաքել ենք ավելի քան 1 միլիարդ եվրո՝ Մոլդովային աջակցելու եւ երկրի կայունությունն ամրապնդելու համար», - Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Միշելը։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Բրյուսելը կշարունակի Մոլդովային տարատեսակ աջակցություն ցուցաբերել ։

«Մենք պատրաստ ենք անել էլ ավելին, եւ մեր վերջին հանդիպման ժամանակ 27 երկրների ղեկավարները որոշեցին էլ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել եւ Եվրահանձնաժողովին խնդրեցին աջակցության փաթեթ ներկայացնել մինչեւ ամառ», - ասել է Միշելը, չհստակեցնելով, թե ինչ բնույթի օգնություն է ցուցաբերվելու:

Եվրոպական խորհրդի նախագահը նաեւ ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս զեկույց կհրապարակի եվրաինտեգրման ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի առաջընթացի մասին։ Նրա խոսքով, ձեռք բերված արդյունքների հիման վրա պարզ կդառնա Քիշնեւի, Կիեւի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցությունների ժամկետների մասին։

«Այս զեկույցի հիման վրա ես մտադիր եմ բարձրացնել բոլոր երեք երկրների հետ բանակցություններ սկսելու հարցը՝ ԵՄ անդամակցության համար։ Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը hավանաբար, կքննարկվի դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովում»,- ասել է Միշելը։