Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի, նրա կնոջ եւ ընտանեկան բժշկի դեմ քրեական գործ է հարուցվել կեղծ բժշկական տեղեկանքի պատրաստման, պահպանման եւ օգտագործման համար, որի շնորհիվ նրանք մտադիր են եղել դատարանից եւ դատախազությունից արտերկիր մեկնելու թույլտվություն ստանալ, հայտնում է հանրապետության հակակոռուպցիոն դատախազությունը։

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մոլդովայի Հանրապետության նախկին նախագահը, ում նկատմամբ արդարադատության գերագույն դատարանի վարույթում գտնվող քրեական գործով կիրառվել է երկրից չհեռանալու պարտավորության խափանման միջոց, դատարանին կեղծ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել եւ դրա հիման վրա դիմել է Ռումինիայից հեռանալու թույլտվության համար՝ իր անչափահաս որդու հետ COVID բուժում ստանալու պատրվակով»,- պարզաբանել են դատախազությունից։

Պետական ծառայության հաղորդմամբ՝ նույնպիսի կեղծված պաշտոնական փաստաթուղթ օգտագործել է նաեւ Մոլդովայի նախկին նախագահի կինը, որի նկատմամբ կիրառվել է նմանատիպ խափանման միջոց։

«Այսպես, նախկին նախագահի կինը փաստաբանների միջոցով կեղծ բժշկական փաստաթուղթ է ներկայացրել հակակոռուպցիոն դատախազություն՝ խնդրելով իրեն թույլ տալ լքել Մոլդովայի Հանրապետության տարածքը եւ նույն նպատակով մուտք գործել Ռումինիա», հստակեցրել են դատախազությունում։

Քրեական օրենքի դրույթների համաձայն՝ նման գործողությունները պատժվում են 27,5 հազարից մինչեւ 47,5 հազար լեյ (1,5 հազար դոլարից մինչեւ 2,5 հազար դոլարի չափով) տուգանքով կամ 180-240 ժամ չվճարվող աշխատանքով, կամ մինչեւ հինգ տարվա ազատազրկմամբ։