Հունաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 21-ին։ Այս մասին երեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա ելույթը հեռարձակել է EPT1 հեռուստաալիքը։

«Համազգային ընտրությունները կանցկացվեն [ներկայիս կաբինետի] քառամյա մանդատի ավարտին, մասնավորապես մայիսի 21-ին»,- ասել է Միցոտակիսը։

Ընտրությունների արդյունքներով քաղաքական կուսակցությունների մանդատների բաշխումը կիրականացվի ներկայիս ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցության օրոք ընդունված պարզ համամասնական ընտրակարգով, որը թույլ չի տալիս որեւէ կուսակցության ինքնուրույն ձեւավորել կառավարություն։ Գործող կուսակցությունները նաեւ չեն պատրաստվում դաշինքներ կնքել։ Կրկնակի ընտրությունները կարող են անցկացվել առաջինից ոչ շուտ, քան 20 օր հետո եւ արդեն կանցկացվեն խիստ համամասնական ընտրակարգով, որի մասին օրենքն անցկացրել է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը։

Ekefalonia.gr կայքի տվյալներով՝ նոր ընտրական օրենսդրությամբ հաղթած կուսակցությունը խորհրդարանում լրացուցիչ 30 մանդատ կստանա, այլ ոչ թե 50, ինչպես եղել է նախկինում։ Խորհրդարանը վերահսկելու համար կառավարությունը պետք է ունենա առնվազն 151 տեղ՝ 300 տեղանոց միապալատ բարձրագույն օրենսդիր մարմնում: