Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոնտրծովակալ Ալի Շամխանին իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ հեռախոսազրույցում քննարկել է մի շարք տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ իրանա-հնդկական համագործակցությունը, հայտնում է Mehr-ը։

Դովալը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է  տարածաշրջանային համագործակցության համակողմանի զարգացման գործընթացին օգնելու իր երկրի պատրաստակամության մասին։

Նա նաեւ բարձր է գնահատել Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ՝ այն համարելով որպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ վճռորոշ քայլ։

Շամխանին եւ իր հնդիկ գործընկերը քննարկել են նաեւ միջազգային մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայի բանակցությունները, Չաբահար նավահանգստի զարգացման  գործում փոխադարձ համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ Հնդկաստանի ներդրումը  Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտման գործում։

Շամխանին իր հնդիկ գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան՝ լրացուցիչ խորհրդակցությունների եւ հետագա երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության համար։