Վրաստանի քաղաքացիները, որոնք տուժել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին (2004-2013 թթ.) Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացնում՝ բողոքելով նախկին նախագահին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար նորվեգական Սյուր Լինդերբրեկկեի մրցանակի շնորհման դեմ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է վրացական IMEDI հեռուստաալիքը։

«Մենք եկել ենք այստեղ Նորվեգիայի դեսպանին խնդրելու, որ դուրս գա եւ հաստատի, որ դա Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը չէ (Սաակաշվիլիին պարգեւատրելու մասին): Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի այն խոսքերին, որ իրեն մարդասպան են պիտակել, մարդիկ կարող են վստահ լինել, որ նա անձամբ կարող է եւ չի կրակել, բայց մարդիկ Սաակաշվիլիի ռեժիմի եւ նրա հրամանների զոհն են դարձել», - ասել է Թոռնիկե Մոլաշվիլին, որի եղբայր Սուլխանը՝ Վրաստանի Վերահսկիչ պալատի ղեկավարը ձերբակալվել է 2004 թվականին կոռուպցիայի կասկածանքով եւ բանտում խոշտանգումների զոհ է դարձել։

Սաակաշվիլին մարտի 25-ին արժանացել է նորվեգական մրցանակի։ Օսլոյում տեղի ունեցած արարողության ժամանակ մրցանակը փոխանցել են նախկին նախագահի մորը՝ Գիուլի Ալասանիային ու որդուն՝ Նիկոլոզին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի հայտարարել է, որ Սաակաշվիլիին պարգեւատրելը հավասարազոր է մրցանակը նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հանձնելուն, ով սպանել է ավելի քան 70 մարդու։