Մեծ Բրիտանիայի հետախուզական MI5 ծառայությունը երեքշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ դարձնելով «լուրջ»՝ Իռլանդիայի հանրապետական զինյալների ակտիվության աճի ֆոնին, հայտնում է Associated Press-ը։

«Լուրջ» մակարդակը հինգ բալանոց սանդղակով երկրորդ աստիճանն է, որը նշանակում է հարձակման մեծ հավանականություն: Անցյալ տարի սպառնալիքը մեկ աստիճան ցածր՝ «էական» է եղել:

Հյուսիսային Իռլանդիայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Քրիս Հիթոն-Հարիսն ասել է, որ «վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության աճի, որն ուղղված է նրանց համայնքներում աշխատող ոստիկաններին եւ վտանգի է ենթարկում երեխաների եւ հասարակության այլ ներկայացուցիչների կյանքը»:

Նա քաղաքացիներին կոչ է արել «պահպանել զգոնությունը, բայց չտագնապել»:

Անցյալ ամիս ոստիկանության ավագ սպա Ջոն Քոլդուելը գնդակահարվել էր երկու դիմակավորված անձանց կողմից, երբ մարզում էր մանկական ֆուտբոլի թիմը Օմահայում՝ Բելֆաստից մոտ 100 կմ դեպի արեւմուտք: Ոստիկանության տվյալներով՝ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել։

Պատասխանատվությունը ստանձնել է նախկինում հայտնի իռլանդական IRA խմբավորումից բաժանված New IRA-ն:

Սպառնալիքի մակարդակի փոփոխությունը տեղի է ունեցել Ավագ Ուրբաթի համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներից առաջ:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Հյուսիսային Իռլանդիա՝ նշելու տարեդարձը։ Խաղաղ գործընթացի առանցքային դերակատարները, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, նույնպես կլինեն Բելֆաստում հիշատակի միջոցառումներին:

Մեծ Բրիտանիայի մնացած մասի համար սպառնալիքի մակարդակը մնում է «էական», ինչը նշանակում է, որ հարձակումը հավանական է համարվում:

Հյուսիսային Իռլանդիայում ռազմականացված խմբերը վայր են դրել իրենց զենքերը 1998 թվականի Ավագ ուրբաթի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց երեք տասնամյակ տեւած բռնի հակամարտություններին իռլանդացի հանրապետականների եւ բրիտանացի լոյալիստների եւ բրիտանական անվտանգության ուժերի միջեւ, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 3600 մարդ: Սակայն Իռլանդիայի հանրապետական բանակի փոքր մասնատված խմբերը շարունակում են հարձակումները անվտանգության ուժերի վրա: