Audi-ի նախկին գլխավոր տնօրեն Ռուպերտ Շտադլերն, ամենայն հավանականությամբ, կլինի բարձրագույն օղակի առաջին ղեկավարը, ով կդատապարտվի դիզելային վառելիքի արտանետումների հետ կապված սկանդալի համար, քանի որ երեքշաբթի Մյունխենի դատարանը նախնական գնահատական է տվել խարդախության մեղադրանքի հիմնավորվածությանը, հաղորդում է Reuters-ը:

Շտադլերին եւ երեք այլ մեղադրյալների, որոնք ինժեներներ են եղել, 2020 թվականին մեղադրանք է առաջադրվել սկանդալում նրանց դերի համար այն բանից հետո, երբ 2015 թվականին Volkswagen մայր-ընկերությունը եւ Audi-ն խոստովանել են, որ անօրինական ծրագրակազմ են օգտագործել՝ արտանետումների ստուգման ժամանակ խաբելու համար:

Նախագահող դատավոր Շտեֆան Վայկերտն ասել է, որ Շտադլերին, Audi-ի նախկին ղեկավար Վոլֆգանգ Հաթսին եւ Ջովանի Պամիո անունով ինժեներին սպառնում է ազատազրկում, որը կկասեցվի միայն «եթե նրանք լիովին խոստովանեն»։ Չորրորդ ամբաստանյալի գործով դատարանը քրեական հանցագործության էական ապացույցներ չի գտել։

Գերմանական օրենսդրության համաձայն՝ խարդախությունը պատժվում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ։ Սպասվում է, որ դատավճիռը կկայացվի առաջիկա ամիսներին։

Դատավարությունն ամենաաղմկահարույցներից մեկն է Volkswagen-ի դիզելային շարժիչների եւ նրա Audi դուստր-ձեռնարկության սկանդալից հետո: Բացահայտումներն այն մասին, որ արտանետումների միլիոնավոր փորձարկումները կեղծվել են, ի հայտ են եկել 2015 թվականի սեպտեմբերին:

Դատախազությունը հայտնել է, որ երեք ինժեներներն այնպես են շահարկել շարժիչները, որ նրանք համապատասխանել են արտանետումների սահմանված ստանդարտներին փորձարկման ժամանակ, բայց ոչ ճանապարհին: Շտադլերին մեղադրում են սկանդալի հայտնի դառնալուց հետո մանիպուլյացիայի ենթարկված մեքենաների վաճառքը չդադարեցնելու մեջ։

Դատարանը հայտարարել է, որ ամբաստանյալների դեմ ուղղված այլ մեղադրանքները՝ մեքենաների աղտոտվածության անօրինական մակարդակի հետ կապված փաստաթղթերի կեղծմանը անուղղակի մասնակցությունը եւ կեղծ գովազդը հաստատող ապացույցներ չի տեսնում: