Երեքշաբթի օրը կայանալիք Ժողովրդավարության գագաթաժողովում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, ավելի քան 20 այլ երկրների հետ միասին, կհայտարարի կորպորատիվ ավելի մեծ թափանցիկությանն ուղղված Ամերիկայի հանձնառությունը, հայտնում է Associated Press-ը:

Ջո Բայդենի վարչակազմն արդեն փոքր բիզնեսի սեփականատերերի նոր տվյալների բազա ստեղծելու միջոցներ է ձեռնարկում, իսկ նոր պարտավորությունը խոստանում է պահպանել այդ տվյալների բազան, որը հայտնի է որպես շահառուների սեփականության ռեեստր, եւ ապահովել, որ իրավապահ մարմինները մուտք ունենան ռեեստր, իսկ անձնական տվյալները պաշտպանված լինեն:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ռեեստրը կպարունակի անձնական տվյալներ ԱՄՆ-ի առնվազն 32 միլիոն ձեռնարկությունների սեփականատերերի մասին:

Կոլումբիան, Մալթան եւ Ճապոնիան այս պարտավորության մեջ ներառված երկրներից են:

«Կեղծ կորպորացիաների բացահայտումը միակ ամենակարեւոր բանն է, որ մենք կարող ենք անել՝ մեր ֆինանսական համակարգը կոռումպացված մարդկանց համար անհյուրընկալ դարձնելու համար»,- ասել է Յելենը ֆինանսների նախարարությունում պատրաստված ելույթում: Նա հավելել է, որ վերջին տարվա ընթացքում դաշնակցային ջանքերը՝ ուղղված պատժամիջոցների ենթարկված ռուսական ակտիվները հետախուզելուն, «ընդգծել են մեր խոցելիությունը» բիզնեսի սեփականության հետախուզման հարցում:

«Շահառուների սեփականության տվյալների բազան կկանխի «կեղտոտ» փողերի մուտքը ԱՄՆ»,- ասել է Յելենն իր ելույթում։

Ներկայումս ԱՄՆ-ը փորձում է ավելի հեշտությամբ բացահայտել հարուստ ռուսաստանցիներին, որոնց մեղադրում է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ունեցվածքը թաքցնելու մեջ: