Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ բարձ է գնահատել Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։

Վահե Ղազարյանը նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքները, անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։