Երբ մենք քննարկում ենք այս կամ այն որոշումը, այդ թվում արտաքին քաղաքական ձեւաչափում, պետք է միշտ մտածենք առաջին հերթին մեզ մասին՝ ինչ է դա մեզ տալիս եւ ինչպիսի ռիսկեր է պարունակում մեզ համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով օրերս Հռոմի ստատուտի համաձայնագիրը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու ՍԴ որոշմանը:

«Հույս կա եւ այդ հույսն է եղել մեր պաշտոնական փաստարկը, որ սա մեզ համար կդառնա լրացուցիչ գործիքը՝ դատի տալու Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար: Բնականաբար, դատական պրոցեսները միջազգային իրավունքի տեսանկյունից քաղաքական բնույթ են կրում:Մենք դա լավ գիտենք եւ մեզ համար դա շատ ցավոտ կետ է: Սա նշանակում է, որ ոչ մի կերպ երաշխավորված չէ, որ Հայաստանը դիմելով այդ նոր գործիքի միջոցով միջազգային դատարան, կկարողանա Ադրբեջանին դատապարտել, եւ եթե դատապարտեց, ինչճ-որ բան քաղել այդ ամենից, եւ որքան կտեւի այդ պրոցեսը:

Ես նայեցի ցանկը այն երկրների, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մի բան է, որ մենք անում ենք մի բան, որ բոլորն են անում, եւ մեկ այլ բան է, եւ սա արդարացված է որոշ իմաստով, եւ մեկ այլ բան է, որ մենք երաշխավորված գիտենք, որ դա մեզ կօգնի: Տվյալ դեպքում երկու հարցն էլ հարցականի տակ են: Առաջինը, մենք չենք կարող համոզված լինել, որ արդյունավետորեն կօգտագործենք այս գործիքը, երկրորդը րդյոք տեղ կհասնի, եւ երրորդը, քաղաքական իմաստով կապահովի դրա իրականացւոմը: Ադրբեջանը շատ լավ դիրքեր է զբաղեցնում Եվրոպայում եւ այդ դիրքերը կամրանան նաեւ նավթի ու գազի գնաճի հետ կապված: Ադրբեջանը ԵՄ-ի համար դառնում է Ռուսաստանի էներգոռեսուրսները փոխարինող աղբյուր:

Այդպիսի պետությանը դատի տալով իրենց իսկ գործիքով, չենք կարող համոզված լինել, որ նպատակների կհասնենք»,-ասաց նա:

Արթուր Աթանեսյանի խոսքով, Հռոմի ստատուտին չեն միացել ԱՄՆ-ն, Իսրայելը, էլի մի շարք խելացի պտություններ. «Ինչու չեն միացել, միգուցե մտածել են՝ պետք չի միանա՞լ»:

Քաղաքագետը նկատեց, որ ամեն ինչից զատ, այս հարցը նաեւ անձնավորված կողմ ունի. «Այս դեպքում այն անձնավորված է ՌԴ նախագահ Պուտինի հետ կապված, որովհետեւ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Ռուսաստանը հետապնդվում է Արեձւմուտքի կողմից եւ այդ գործիքը նաեւ այդտեղ է կիրառվելու: Մենք, փաստորեն, միացանք այս գործիքին: Մենք միանգամից տեսանք ՌԴ արձագանքը, դա մեզ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի տալիս, բայց շատ բան փչացնում է: Ինձ թվում է՝ մր ԱԳՆ-ում պետք է ստեղծել բաժին, որը կկոչվի «հարաբերություններ փչացնելու բաժին», որովհետեւ մենք շատ բան փչացնում ենք, որի կարիքը չունենք: Մենք փչացնում ենք հայ-ռուսական հարաբերությունների համբավը մեդիա ոլորտում, ատ հաճախ փողոցային գործողություններով, փողոցային մակարդակում փչացնում ենք շատ բարդ, տասնամյակներ շարունակ ձեւավորված հայ-ռուսական կոմպլեքս հարաբերությունները: Սա նման է մի բանի, որ մի փողոցային կարող է գալ, մտնել, օրինակ, ԵՊՀ եւ այստեղ աղմուկ հանելովխանգարել դասապրոցեսին»,-ընդգծեց Աթանեսյանը:

Նա հավելեց, որ այս գործողությունները ռիսկային են առաջին հերթին մեզ համար. «Ես կարծում եմ՝ Պուտինը չի պատրաստվում Հայաստան գալ: Եթե նա ուզենա ցուցադրել Հայաստանի սնանկությունը քաղաքականության մեջ, նպատակաուղղված կգա եւ ցույց կտա, որ իրեն այստեղ ոչ ոք չի ձերբակալում, եւ դրանով կդրվի Հայաստանի նորանկախ պետության վերջակետը: Հաջորդը, իսկ մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք դատապարտել Ադրբեջանին եւ չունե՞նք գործիքներ: Միգուցե առաջին գործիքը կլիներ նորմալ պետություն ձեւավորե՞լը: Միգուցե փորձենք ուժեղանա՞լ չփչացնելով հարաբերությունները այդ թվում մեր սակավաթիվ դաշնակիցների հետ: 2020-ի պտերազմը ցույց տվեց, որ մենք երեւի այն սակավ պետություններից ենք, որոնց բարեկամները մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Նրանցից մեկի հետ կամուրջներ այրելը մեզ համար կունենա բացասական հետեւանքներ»: