Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 220 000 քաղաքացի։ Իհարկե, մենք պատասխանատվություն ենք կրում նրանց համար։ Այնտեղ մեր խաղաղապահ զորախումբն է եւ մի խումբ զորքեր, որոնք հսկում են Կոլբասնայում զինամթերքի հսկայական պահեստը։ Եվ մենք ունենք մանդատ՝ ժամանակին համաձայնեցված բոլոր կողմերի հետ։ Համոզված ենք, որ այս մանդատը լիովին պահպանում է իր արդիականությունը։ Կառաջնորդվենք դրանով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե խոսենք Մերձդնեստրի ընդհանուր իրավիճակի մասին, ապա, իհարկե, այն դեգրադացվել է այն քաղաքականության արդյունքում, որը որոշել է վարել Մոլդովայի կառավարությունը՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Այս քաղաքականությունը բացահայտ հակառուսաստանյան, հակառուսական, հակամերձդնեստրյան է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ այսպես կոչված անջատողականության համար օրենսդրությամբ պատիժ է սահմանվել, բայց Մերձդնեստրում անջատողական տրամադրություններ չեն երեւում։

«Մերձդնեստրի ղեկավարության մոտ տեսնում ենք «5+2» ձեւաչափով կնքված եւ Մերձդնեստրի կարգավիճակի լիարժեք, փոխադարձ ընդունելի կարգավորմանն ուղղված պայմանագրերը կատարելու մեծ ցանկություն։

Ցավոք, «5+2» ձեւաչափն էապես սառեցված է։ Դրան մեծապես նպաստել է Արեւմուտքի գիծը, որը որոշել է «կարգավորումը» վերցնել իր ձեռքը, պարտադրել այն Տիրասպոլին եւ լիովին աջակցում է նախագահ Մայա Սանդուի առճակատման, անհեռատես, փակուղային քաղաքականությանը։

Իր ծայրահեղ բացասական, դիվերսիոն դերն է խաղում նաեւ Ուկրաինայի ղեկավարությունը, որը, խախտելով միջնորդի իր կարգավիճակը «5+2» ձեւաչափում, միանշանակ բռնել է Քիշնեւի կողմը, ամեն կերպ աջակցում է նրա ռազմատենչ նկրտումներին, ապակառուցողական նկրտումներին Մերձդնեստրի հանդեպ, պաշտպանական կառույցներ, ամրություններ է փորում Ուկրաինայի եւ Մերձդնեստրի միջեւ եւ ամեն կերպ ցուցադրում է այս գործընթացին միջամտելու իր պատրաստակամությունը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ։

Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Մերձդնեստրի անվտանգության համար պատասխանատվություն է կրում այն մանդատի համաձայն, որը մեր զինվորականներն ունեն։ Մենք կառաջնորդվենք այդ մանդատով»,- ասել է Լավրովը։