Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Սենատի լսումների ժամանակ ասել է, որ սա ռազմավարության վրա հիմնված բյուջե է, որը պայմանավորված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ «մեր ռազմավարական մրցակցության լրջությամբ»:

Նա նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն նախատեսված է 842 մլրդ դոլարի չափով, ինչը 3,2 տոկոսով ավելի է, քան 2023 ֆինանսական տարում, եւ 13,4 տոկոսով ավելի, քան 2022 ֆինանսական տարում։

«ՉԺՀ-ն մեր շարժիչ մարտահրավերն է: Եվ մենք ամեն կերպ ձգտում ենք նրան ընդառաջ գնալ։

Մեր բյուջեն հիմնված է ագրեսիայի զսպման մեջ մեր նախկին ներդրումների վրա: Մենք ներդրումներ ենք կատարում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի կայունության ամրապնդման եւ մեր գործընկերների հետ համատեղ զորավարժությունների մասշտաբների մեծացման համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի բյուջեն ներառում է 40 տոկոսով ավելացում՝ զսպման Խաղաղօվկիանոսյան նախաձեռնության անցյալ տարվա բյուջեի համեմատ:

Օսթինը նշել է, որ սա պատմության ամենաբարձր ցուցանիշն է՝ 9,1 միլիարդ դոլար: