Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ Փարիզում այսօր անկարգություններ են տեղի ունեցել, ցուցարարները հրավառություն են արել ոստիկանների ուղղությամբ, իսկ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել որոշ ցուցարարների դեմ, հայտնում է BBC-ն։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին սկսված հիմնական ցույցի ժամանակ 27 մարդ է ձերբակալվել։

Ավելի վաղ գործադուլ անող երկաթուղայիններն անցել են մայրաքաղաքի ամենամեծ կայարաններից մեկի՝ Լիոնի կայարանի ռելսերով։

Երկրի գլխավոր արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտարարել է, որ Փարիզում ցույցին մասնակցել է գրեթե կես միլիոն ցուցարար, մինչդեռ քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ այսօրվա ցույցին մասնակցել է մոտ 93 000 մարդ։

Հիշեցնենք, որ ողջ Ֆրանսիայում ցույցեր եւ գործադուլներ են սկսվել՝ կապված կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու երկրի իշխանությունների պլանների հետ։