Օդերեւութաբանները որոշել են փոթորիկներին այլեւս չշնորհել Ֆիոնա եւ Իեն անունները, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը։ Դա բացատրվում է այն կանոնով, ըստ որի՝ ամենակործանարար եւ մահացու փոթորիկների անունները հանվում են ամեն տարի փոփոխվող ցուցակից:

Ֆիոնա եւ Իեն անունները հանվել են ցուցակից՝ Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում հանգեցրած մահերի եւ ավերածությունների պատճառով: Ֆիոնան ցուցակում փոխարինվել է Ֆարահ անունով, իսկ Իենը՝ Իդրիս անունով։ 

Փորձագետները նշել են, որ փոթորիկներին անուններ են շնորհվում՝  հաղորդակցությունը բարելավելու նպատակով, որպեսզի ժամանակին նախազգուշացնեն մարդկանց մոտալուտ տարերքի մասին։

Ֆիոնա փոթորիկն անցած տարվա սեպտեմբերին անցել է Պուերտո Ռիկոյով, Դոմինիկյան Հանրապետությունով եւ Կանադայով, այն 3 մլրդ դոլարի վնաս է հասցրել: Իենը Կուբայում եւ ԱՄՆ-ում հանգեցրել է 150 մարդու մահվան՝ պատճառելով ավելի քան 112 մլրդ դոլարի վնաս: