Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի անցնելու տպավորիչ տեմպը շարունակվում է. օրինակ, փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առեւտուր: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022-ին այս ցուցանիշը, ըտ էության, ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր. «Սա նշանակում է, որ ամսական 20-25 տոկոս աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել: Փետրվարին այս առեւտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ  վերադարձնում ենք կենսաթոշակառուներին:

Եթե 2022-ի հունիիսի վերջի դրությամբ Հայաստանում կար շուրջ 22 հազար ակտիվ POS-տերմինալ, այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է: կարող ենք ասել, որ գրեթե բոլոր գյուղական վայրերում անկանխիկ առեւտրի հնարավորություն է ստեղծվում: Սա բերում է ստվերի կրճտման լրացուցիչ էֆեկտի»,-ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2022 թվականի հունիսի մեկի դրությամբ անկանխիկ գործարքներ կենսաթոշակառուների 1,8 տոկոսն է կատարել, իսկ փետրվարի 1-ի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ:

«Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անցած տարվա ընթացքում անկանխիկ վճարումները կազմել են 1,3 տրիլիոնը գերազանցող թիվ: Դա նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավել է»,- ասաց Գալստյանը: