44–օրյա պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված արցախցիներից շատերը չեն կարողանում պետության կողմից տրամադրված սերտիֆիկատով տուն գնել։ Բանկերը նրանցից հավելյալ կես միլիոն դրամ են պահանջում, որ  այդ փաստաթղթով Հայաստանում կամ Արցախում հիպոթեքով անշարժ գույք գնեն կամ կառուցեն։

«Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում, սեփականատերերն էլ էդ գնով չեն ուզում վաճառել, մենք էլ մնում ենք առանց տան»,– Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանվածներից մի կին։

Մեկ ուրիշ կին էլ շարունակեց.

«Ասում են՝ Արցախում վարկեր ունեք, չենք կարող գործարք անել, ամուսինս էդ վարկը փակեց, գնաց, որ գործարքն անեն, չարեցին, ասացին՝ պետք է կնոջդ վարկային պատմությունը նորմալ լինի։ Մենք տունն արդեն ճարել էինք, գնահատումն արվել էր, բայց գործարք չկատարելու պատճառով չկարողացանք տունն առնել։ Հիմա ուզում ենք, որ էդ վարկային պատմությունները հաշվի չառնեն, նախնական 500 հազար դրամ չուզեն, մենք վարձով ապրող մարդիկ ենք, ո՞նց կարող ենք էդ գումարը տալ, որ գործարքը կատարվի»։

Մի երիտասարդ տղա էլ նշեց, թե Կառավարությունը պետք է գումարը փոխանցի տեղահանվածների  հաշվեհամարներին, որի պարագայում ըստ նրա՝ մարդիկ ավելի հեշտ կգնեն բնակարաններ, իսկ եթե ինչ–որ մեկը կլինի, որ այդ գումարն այլ բանի համար կծախսի, նա առաջարկեց վարչական պատասխանատվության ենթարկել տվյալ քաղաքացուն։

«Ես չեմ հավատում, որ էստեղ հավաքվածներից ինչ–որ մեկն էդ փողն ուտելու է, բոլորն էլ իրենց 4 պատի մասին են մտածում։ Մենք հող ենք կորցրել, բայց դրա հետ մենք նաեւ կյանք ենք տվել, ապրել ենք, մեկը ես պատերազմի մասնակից եմ, ամիսներ անց նաեւ եղբորս են տանելու, էսա հավաքներ են լինելու, էլի ասելու են՝ ջահելներին տարեք, կամ որ քոմենթներում գրում են, թե գնացեք Արցախում ապրեք, բա ապրել եմ, բայց տվել են,  23 տարի ես ապրել եմ, էդ նույն մարդիկ ինչի չեն մտածում, որ ժողովուրդը անլույս, անջուր, անտուն ապրում էր Ղարաբաղում»,– ասաց երիտասարդը։

Նշենք՝ Կառավարությունը մինչեւ 12 միլիոն դրամ հատկացնում է Արցախում տուն կառուցելու կամ գնելու համար, 10 մլն դրամ՝ մարզերում, եւ 8 մլն դրամ՝ Երեւանում գնելու համար։ Սերտիֆիկատի ժամկետը 1 տարի է։ Բնակիչների խոսքով՝ 7 ամիս է մնացել իրենց։