Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ հաճախակիացել են փախստականներին բռնության ենթարկելու դեպքերը։ Զեկույցը հայտնվել է ԵՄ երկրների՝ սահմանային վերահսկողությունը խստացնելու ձգտման ֆոնին, գրում է The Guardian-ը:

Կոմիտեի տվյալներով՝ Եվրոպայի տարբեր երկրներում ապաստան հայցողները ոստիկանների եւ սահմանապահների կողմից ծեծի են ենթարկվել ձեռքերով, մահակներով, փայտերով, ճյուղերով եւ այլ առարկաներով: Փախստականները ենթարկվել են ճնշումների, արտաքսվել եվրոպական պետություններից, ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով, առանց ապաստանի միջնորդությունների քննարկման։ Իրավապաշտպանների կարծիքով՝ ուժայինները ռետինե փամփուշտներով կրակել են մարդկանց վրա, կապած ձեռքերով որոշ օտարերկրացիների հրել են դեպի գետը  եւ ստիպել նրանց ամբողջովին մերկ հատել սահմանը:

Զեկույցում որեւէ կոնկրետ երկիր չի հիշատակվում, տվյալները ստացվել են Հունաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Մալթայի եւ Իտալիայի միգրացիոն քաղաքականության գնահատման ժամանակ: Ստացված եզրակացությունները կտրուկ հակադրվում են եվրոպական շատ կառավարությունների պաշտոնական դիրքորոշմանը, ըստ որի՝ նրանք չեն հրաժարվում ապաստան տրամադրել առանց օրինական հիմքերի: