Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 30-ին, հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:

Գործով տուժող ճանաչված ծնողները դժգոհ են եւ՛ վարույթն իրականացնող մարմնից, եւ՛ պետական կառույցներից: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով մի քանի տասնյակ գրություններ է ուղարկել տարբեր կառույցների, սակայն պատասխանները ծնողներին չեն գոհացրել: Զինծառայողների ծնողները վստահ են, որ նախաքննությունն ուղղորդված է ընթանում, եւ, որ հույս չունեն, թե մեղավորներն ի վերջո պատժվելու են:

Հրդեհից մահացած զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, մինչեւ հանդիպմանը մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծնողներին չի ընդունել, որովհետեւ չուներ պատասխան:

«Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա: Սա ուղղորդված է, մենք մեծ ակնկալիք չունենք: Թող Փաշինյանին քննեն, տեսնենք՝ ինքը կարո՞ղ է ապացուցել, որ բենզինով է եղել: Եթե բենզինը լցրել ու վառվել է, բա շմոլ գազն այդ 10 րոպեում ինչպե՞ս երեխեքին հասավ»,- ասաց Արտյոմ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո առաջին նախնական վարկածն առաջ է քաշել Փաշինյանը, հայտարարելով, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են: