Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանին Էվրոսի շրջանում պարսպի կառուցումը կավարտվի ապօրինի միգրանտներից պաշտպանվելու համար՝ անկախ այն բանից՝ ԵՄ-ն գումար կհատկացնի, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Վաղը ես կլինեմ Էվրոսում եւ հնարավորություն կունենամ ստորագրելու որոշում՝ ընդլայնելու ցանկապատի կառուցումը, որը պաշտպանել է Էվրոսը եւ մեր հայրենիքը անօրինական ներգաղթի ներխուժումից»,- ասել է Միցոտակիսը Ատտիկայում Գերակաս շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։

Վարչապետը սուր քննադատության է ենթարկել Եվրոպական միության կողմից ցանկապատերի կառուցման ֆինանսավորման դեմ փոփոխությունը, որը Եվրախորհրդարան են ներկայացրել ձախակողմյան կուսակցությունները, եւ որին աջակցել է Հունաստանի ամենամեծ ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցության Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադիմուլիսը։

«Եվ ես ուզում եմ օգտվել այս առիթից, որպեսզի հիշեցնեմ ձեզ, թե ով է աջակցել այդ ջանքերին եւ ով է մինչ օրս ընդդիմանում մեր երկրի սահմանները պաշտպանելու դժվարին փորձերին: Հենց երեկ ՍԻՐԻԶԱ-ից եվրախորհրդարանի պատգամավորը պաշտպանել է փոփոխությունը, ուշադրություն, լսեք, խնդրելով Եվրահանձնաժողովին չֆինանսավորել Էվրոսի պարիսպը: Լսեք այս ամենը, կարիք չկա անհամաձայնության: Դա պարզապես պահանջում է դատողություն եւ ապագայի ճիշտ ընտրություն (մայիսի 21-ի խորհրդարանական ընտրություններում)»,- ասել է Միցոտակիսը։