Իրանը շահագրգռված է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաեւ երկու երկրների արտգործնախարարները։ Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Երեւանի շահագրգռվածությունը։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով, Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Իրանը ողջունում է Հայաստանի այսպիսի մտադրությունները, քանի որ դա կարեւոր է ոչ միայն քաղաքական, այլեւ այն տեսակետից, որ երկրները կարող են ամրապնդել տնտեսական եւ մշակութային կապերը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ստեղծված իրավիճակում սա շատ կարեւոր է։ Իրանը դրան շատ լուրջ է վերաբերվում»,- հավելեց պատգամավորը:

Նա նշեց, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը։

Խորհրդարանականը կարեւորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում։

«Չգիտեմ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ռազմական ոլորտում, բայց տրամաբանական է սպասել, որ Իրանը ուշադիր հետեւում է եւ փորձում է իր տեղեկատվությունը կամ կարծիքը կիսել Հայաստանի հետ կամ լսել Հայաստանի մտահոգությունները»,- եզրափակեց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը դեսպանություն է բացել Իսրայելում, որը կոշտ առճակատման մեջ է Իրանի հետ։

Արամ Դանիելյան