Շատ կարեւոր է լսել ոչ թե նրանց, ովքեր երբեք միջնորդ չեն եղել կարգավորման հարցում, ովքեր երբեք չեն բերել հավելյալ արժեք եւ ովքեր չեն հասել որեւէ գործնական արդյունքի, այլ կարեւոր է լսել Բաքվին եւ Երեւանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը, որ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում չլինի, կարելի կլինի ասել, որ ԵՄ առաքելությունը հաջող է անցել։

«Հասկանում եք՝ սա է այս ամբողջ խնդրի առանցքային պատմությունը: Պետք է լսել, լսել եւ գործել երկու երկրների շահերից ելնելով։ Այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ երկու երկրների տարբեր տեսակետներ կան, երբեմն՝ տրամագծորեն հակառակ։ Այո, մենք հիանալի հասկանում ենք, որ լինում են ծայրահեղ բարդությունների, սրացումների եւ այլնի ժամանակաշրջաններ։ Բայց միեւնույն ժամանակ մենք ֆիքսում ենք եւ այն, որ կողմերը կարող են պայմանավորվել։ Գլխավորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, նման պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելն է եւ այդ փոխըմբռնմանը նպաստելը։ Այլ ոչ թե հակառակը։ Հիմա հակառակի մասին հարցին. այս հայտարարությունները միայն հաստատում են մեր կողմից հնչեցված եզրակացությունների վավերականությունը այս տարածաշրջանում Եվրամիության ապակառուցողական մտադրությունների եւ գործողությունների վերաբերյալ։ Բրյուսելն ակնհայտորեն շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության եւ մերձեցման ձեւավորման հարցում, եւ իր ապաշնորհ, անընդհատ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ խելամիտ, ոչ ազնիվ գործունեությամբ նրանք հակասություններ են հրահրում Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Եվ, իմ կարծիքով, մենք բոլորս տեսնում ենք դա, եւ դա թաքցնել պարզապես հնարավոր չէ»,- ասել է դիվանագետը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ հաջող միջնորդության որեւէ օրինակ չկա «Արեւմուտքի եւ ԵՄ-ի միջեւ ոչ միայն դժվար, այլ ամենաբարդ հակամարտություններում. «Իհարկե, ցավալի է, որ ԵՄ-ն չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության ու կայունության համար ինչ անկանխատեսելի հետեւանքների կարող է հանգեցնել անպատասխանատու քաղաքականությունը։ Կոչ ենք անում հրաժարվել նման առճակատման սցենարներից։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով հաջողվեց կասեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին։ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի եւ դրան հաջորդած պայմանագրերի լիարժեք կատարմանը այլընտրանք չկա։