Եթե ԱԱԾ-ն հաստատում է որ ադրբեջանցիներն առաջ են եկել, իրականում նրանք տեղում դա տեսել են ու ներկայացրել են մեր հանրությանը, դա նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո խաղաղության դարաշրջան հայտարարած երկու կողմերը ականատես են լինում Ադրբեջանի կողմից սադրանքների, հարձակողական գործողությունների: Ադրբեջանը հետեւողականորեն սեղմում է օղակը եւ Հայաստանի շուրջ, եւ Արցախի շուրջը: Նա ունի երկու նպատակ՝ առաջինը ստանալ այն միջանցքը, որն իրենք նախատեսում են եւ ձգտում են Սյունիքով Ադրբեջանը կապել Նախիջեւանին, երկրորդը, Արցախը հայաթափելն է:

Հաջորդը, եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, ապա պետք է մեր հայրենիքի սահմանների ամեն մի մետրը, թիզը պետք է ուսումնասիրենք եւ կազմակերպենք մեր պաշտպանությունը: Դա բանակի խնդիրն է: Այսօր իշխանությունները հայտարարում են, որ բանակի ստորաբաժանումները սահմանին պետք է փոխարինենք ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ թշնամի պետությունները դարձել են հարեւան պետություններ եւ ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել: Եթե դու տեսնում ես Ադրբեջանի վարքագիծը, սադրանքները, հռետորաբանությունը, մարտական գործողությունները, հոգեբանական ճնշումները Հայաստանի վրա, նշանակում է պատերազմական իրավիճակում ենք: Այս պայմաններում ԱԱԾ-ն իր սահմանապահ  կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ օրվա իշխանություններն ապրում եմ մի կյանքով, որ կարծես Արցախի հետ ոչինչ չի պատահել»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա գնահատական հնչեցրեց, որ ՀՀ իշխանություններն ունակ չեն կամ չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը, թե ինչ իրադարձություններ, զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ եւ որոշել առաջնահերթությունները:

«Ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիները Բաքվից եկել, հասել են Տեղ գյուղ, իրենց հետեւում չունենալով որեւէ բնակեցված բնակավայր ամրապնդվում են, առաջ են գալիս, իսկ մենք մեր հետեւում ունենալով բնակավայրեր, գյուղացիների, մենակ ենք թողել նրանց ադրբեջանցիների հետ ու ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ:Առաջին հերթին մենք պետք է պաշտպանություն կազմակերպեինք: Ակնհայտ է, որ սա ՀՀ իշխանությունների բացթողումն է, թե պետական, թե ռազմական կառավարման ոլորտներում»,-ասաց ընդդիմադիր գործիքը:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ մետր-առ մետր առաջ գալով Ադրբեջանը պայմաններ է ստեղծում սահմանների իր համար շահեկան ճշգրտման համար: