Փակ դռների հետեւում այսօր՝ մարտի 31-ին, ընթացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունը: ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել ՔՊ-ի հովանավորյալ Արմեն Հովհաննիսյանը, որը մինչեւ այդ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ դրանից առաջ՝ փոխտնօրենը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի համար ի սկզբանե երկու թեկնածու է առաջադրվել. Վարդան Միրզոյանը թեստավորման փուլի 90 տոկոսը չի հաղթահարել, մնացել է մեկ թեկնածու՝ Արմեն Հովհաննիսյանը:

Երկրորդ փուլը բանավոր էր, որին ներկա են եղել ԿԳՄՍ փոխնախարարը, Կառավարությունից ներկայացուցիչ, մի քանի ՊՈԱԿ-ներից ներկայացուցիչներ:

Նախարարությունից NEWS.am-ին պարզաբանեցին, որ կա կառավարության որոշում, ըստ որի՝ մրցույթի բանավոր փուլի տեսանկարահանում նախատեսված չէ: Առանց տեսախցիկի ներս մտնելու եւ հարցազրույցի ընթացքը լուսաբանելու մեր առաջարկը նույնպես մերժվեց:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի սանիկ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է: Այս ՊՈԱԿ-ում, ըստ լրատվամիջոցների,  ՔՊ-ականները իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների են նշանակում, եւ աշխատակիցները, որոնք երկարամյա փորձ ունեն, զրկվում են աշխատանքից, հատկապես եթե ունեն ընդդիմադիր հայացքներ:

Օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների եւ միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցել Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: