Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը այն երեք միլիարդատերերի թվում է, որոնց այս շաբաթ դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ JPMorgan-ի կապերի մասին գործով, տեղեկացրել է Daily Mail-ը։

ԱՄՆ Վիրջինյան կղզիների հետաքննությունը վերաբերում է այն պնդումներին, որ JP Morgan ընկերությունում աչք են փակել Էփշտեյնի սեռական ծառայությունների առեւտրի վրա։

Hyatt Hotels-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահ Թոմաս Փրիցկերը եւ անշարժ գույքի ներդրող Մորթ Ցուկերմանը եւս ծանուցումներ են ստացել։

Disney ընկերության նախկին ղեկավար, վենչուրային կապիտալիստ Մայքլ Օվիցին եւս խնդրել են տեղեկություն ներկայացնել սույն գործով, նշել է ԶԼՄ-ն։

Daily Mail-ն ընդգծել է, որ հայտնի չէ, թե ինչու են այդ մարդիկ, որոնք ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչներից են, դարձել քննիչների ուշադրության առարկան։

Փաստաբանները քաղաքացիական գործերում օգտագործում են ծանուցումները, որպեսզի տեղեկություն ստանան նրանցից, ովքեր հայցի կողմ չեն, բայց կարող են ունենալ համապատասխան ապացույցներ։

Ծանուցումները վերաբերում են Էփշտեյնի հետ JP Morgan-ի կապերին, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

Բրինը Google-ի համահիմնադիրն է Լարի Փեյջի հետ միասին (1998թ.), համարվում է ամենահարուստ մարդկանցից մեկը, որի դեմ հայց է ներկայացվել, նրա կարողությունը գնահատվում է 85,6 մլրդ դոլար՝ ըստ Forbes-ի տվյալների։

Փրիցկերի եւ Ցուկերմանի կարողությունը կազմում է 5,3 մլրդ եւ 2,3 մլրդ դոլար՝ համապատասխանաբար։

Անցած տարի ԱՄՆ Վիրջինյան կղզիները Մանհեթենի դաշնային դատարան հայց էր ներկայացրել JP Morgan-ի դեմ, քանի որ վերջինը թույլ էր տվել հանգուցյալ ֆինանսիստին մնալ իր հաճախորդը։

Ընկերությունը բախվել է նաեւ երկրորդ հայցին Էփշտեյնի զոհի կողմից՝ անչափահասի մարմնավաճառությամբ զբաղվելու մասով։

Փաստաբանները հավաստիացնում են, որ բանկն օգնել է նրան փող ուղարկել իր զոհերին, եւ որ բանկը Էփշտեյնից արժեքավոր գործնական առաջարկներ է ստացել։

Հետաքննության շրջանակում սպասվում է JPMorgan-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնի հարցաքննությունը։

Սակայն բանկը պնդում է, որ չի իմացել Էփշտեյնի հանցագործությունների մասին եւ չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Նա կապերը խզել է դատապարտված սեռական հանցագործի հետ 2013թ.։

JPMorgan-ը փորձում է չեղարկել հայցերը եւ հայց է ներկայացրել ներդրումային-բանկային բաժնի իր նախկին պետ Ջես Սթեյլի դեմ, որը սերտ կապեր ուներ Էփշտեյնի հետ։

Բանկը հավաստիացնում է, որ հենց նա է մեղավոր իրավական հետեւանքների համար, որոնք կապված են Էփշտեյնի հետ, եւ պատասխանատվություն է կրում նրանց 15-ամյա ֆինանսական հարաբերությունների համար։