Հայերի անվտանգության զգացումը գենետիկորեն կապված է Ռուսաստանի հետ, ինքնապահպանման զգացումը կապված է Ռուսաստանի հետ, եւ դա հենց այնպես չէ։ Այս մասին «Դիվանագիտության նոր ձեւերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայի քննարկումների ժամանակ, ապրիլի 1-ին հայտարարել է Իսրայելում եւ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

«Շատ հայեր լուրջ ազդեցություն են գործել ռուսական պետության կայացման հարցում»,- նշել է նա։

Սմբատյանը հիշեցրել է, որ հայերը մեծ թվով գեներալներ եւ մարշալներ են տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնց կեսը զոհվել է։

«Իմանալով այս ամենը՝ պետք է նոր հարաբերություններ կառուցել. պետք է նորովի ստեղծել հարաբերություններ։ Դա կարելի է անել, օրինակ, արվեստի միջոցով»,- ընդգծել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ անցյալում հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչները մի քանի հանդիպումներ են անցկացրել, որոնց ընթացքում Արցախի հարցը չի քննարկվել։

«Նպատակն այն էր, որ հասարակության կիրթ հատվածը Հայաստանում եւ Ադրբեջանում ստեղծեր այնպիսի հարաբերություններ, որպեսզի քաղաքակիրթ ձեւով շփվեին՝ ի շահ ապագա սերունդների։ Հետո դա դադարեց»,- ավելացրել է դիվանագետը։