Պաշտոնական հաղորդագրություններում օտար բառեր օգտագործող իտալացիներին կարող է սպառնալ մինչեւ 100 000 եվրո տուգանք՝ համաձայն երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցության կողմից սահմանված նոր օրենսդրության:

Պատգամավորների ստորին պալատի անդամ Ֆաբիո Ռամպելին ներկայացրել է համապատասխան օրինագիծ, որն արժանացել է վարչապետի հավանությանը:

Չնայած օրենսդրությունը ներառում է բոլոր օտար լեզուները, այն հատկապես ուղղված է «անգլոմանիային» կամ անգլերեն բառերի օգտագործմանը, ինչը, ինչպես ասում է նախագիծը, «նվաստացնում է» իտալերենը:

«Դա պարզապես նորաձեւության խնդիր չէ, քանի որ նորաձեւությունն անցնում է, բայց անգլոմանիան հետեւանքներ է ունենում հասարակության համար»,-ասվում է օրինագծում:

Օրենսդրության առաջին հոդվածը երաշխավորում է, որ նույնիսկ այն գրասենյակներում, որոնք գործ ունեն օտարերկրացիների հետ, որոնք չեն խոսում իտալերեն, իտալերենը պետք է լինի օգտագործվող հիմնական լեզուն։

Հոդված 2-ը իտալերենը կդարձնի «պարտադիր՝ ազգային տարածքում հանրային ապրանքների եւ ծառայությունների խթանման եւ օգտագործման համար»: Այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել 5000 եվրոյից մինչեւ 100 000 եվրո տուգանքների:

Առաջարկվող օրենքի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է  ստեղծի հանձնաժողով, որի իրավասությունը կլինի «իտալերենի եւ դրա արտասանության ճիշտ օգտագործումը» դպրոցներում, լրատվամիջոցներում, առեւտրում եւ գովազդում: