Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը այսօր` հոկտեմբերի 24-ին զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Cnn Turk-ի փոխանցմամբ, առաջինը զանգահարել է Դմիտրի Մեդվեդեւը: Նա ցավակցել է Գյուլին Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ եւ ասել, որ Ռուսաստանը պատրստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային: Աբդուլլահ Գյուլը շնորհակալություն է հայտնել եւ նշել որ այս հանգրվանում միջազգային օգնության կարիքը չկա:
Այնուհետ Մեդվեդեւը հեռախոսը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Հայաստանի նախագահը եւս հայտնել է իր ցավակցությունները եւ ընդգծել, թե Հայաստանի փրկարար ջոկատները պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի օգնության առաջարկը տեսել է համացանցում եւ շնորհակալություն է հայտնել առաջարկի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հատնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:
117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:
Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:
Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ: