Թուրքիան Ֆրանիսիային իր  երկրորդ ատոմակայանի կառուցող չի դարձնի, քանի դեռ Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին  է:  Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը, գրում է «Hurriyet Daily News and Economic Review»-ը:

«Ատոմային էներգետիկայի ոլորտում Սարկոզիի հետ համագործակցելը դժվար կլինի: Մենք գործ ունենք խոշոր նախագծի հետ, ինչը չի կարող միջազգային հարաբերություններից առանձնացվել: Ես չեմ կարող արհամարհել քաղաքականությունը: Ես չեմ կարող չլսելու տալ Սարկոզիի պնդումները այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասել է նախարար Թաներ Յըլդիզը վերջերս տված հարցազրույցի ընթացքում:  «Ատոմային հարաբերությունները նման քաղաքականություն չեն կարող հանդուրժել»,- հավելել է նա:

Ըստ նախարարի` Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հակասություններ կարող են ծագել նաեւ Լիբիայի հարցում: «Մենք խնդիրներ կունենանք ցանկացած ասպարեզում, որտեղ համագործակցում ենք Սարկոզիի հետ»:

Յըլդիզը նաեւ նշել է, որ Թուրքիան փակել է Իսրայելից եկող գազի տարանցման ճանապարհը դեպի Եվրոպա: Սակայն, ըստ նրա, էներգիան կարող է կիրառվել որպես միավորող գործիք, եթե Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայի ինը քաղաքացիների սպանության համար, կապված «Մավի Մարմարա»  նավի հետ նախորդ տարի կատարված պատահարի հետ: