Այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանությունների գործողություններում ոչ մի լավ բան չեն տեսնում, արտաքին շահեր են սպասարկում: Այս մասին այսօր`նոյեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով, նույնիսկ ամենասուր քննադատությանը զուգահեռ, պետք է ընդդիմախոսների գործողություններում նաեւ դրական բաներ տեսնել: «Եթե ես լինեի ընդդիմադիր, ես էլ օրերով կքննադատեի իշխանություններին, բայց կտեսնեի նաեւ դրականը, որն արվում է: Չի կարող պատահել, որ ընդհանրապես ոչ մի լավ բան չլինի: Հենց դրանումն է օբյեկտիվությունը: Եթե ընդդիմությունը միայն քննադատում է, նշանակում է նա սպասարկում է դրսի շահերը»,- նշեց նա:

Պատգամավորն «արտաքին պատվեր» է համարում նաեւ հասարակական կազմակերպությունների ելույթները բանակում մահվան դեպքերի եւ այլ բացասական երեւույթների վերաբերյալ:

«Ժամանակին մենք ստեղծեցինք տարածաշրջանում ամենաուժեղ ու մարտունակ բանակը եւ բոլորը դրան հավատացին: Իսկ հիմա հայտնվել են մարդիկ, որոնք ցանկանում են փոխել մարդկանց կարծիքը, ցանկանում են, որ մարդիկ չհվատան իրենց հայրենիքի ուժերին: Ո՞ւմ է դա ձեռնտու: Որտեղի՞ց են այդ մարդիկ փող ստանում: Պարզ է` Թուրքիայից: Ոչ ուղղակի, իհարկե, Թուրքիայից Բելգիա, օրինակ, իսկ այնտեղից արդեն դեպի հայաստան: Ստանում են եւ սկսում են խարխլել մեր պաշտպանունակության հիմքերը»,- կարծում է հանրապետականը:

Նրա խոսքով, աններելի է այն մարդկանց վարքը, ովքեր բանակում զինվորի մահը ներկայացնում են որպես անբնական մի բան: «Չի կարելի մի դեպքով այդպիսի ընդհանրացումներ անել: Այո, լինում է, զինվորներ են զոհվում, իսկ ի՞նչ է քաղաքում վթարներ չե՞ն լինում: Որքան մարդ է մահանում ամեն օր դրանից: Հիմարություն է դրա համար մեղադրել ինչ-որ մեկին: Իսկ այն մարդիկ, ովքեր մեղադրում են բանակին, թող չմոռանան, որ մենք ապրում ենք պատերազմական ժամանակներում եւ որ զինվորականները մահանում են պաշտպանելով հայրենի հողը»,- ասաց նա, «մոռանալով», որ բանակում մահվան դեպքերի առյուծի բաժինը բաժին է ընկնում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին: