Բացառված չէ, որ մոլդովական զենքը վաղուց արդեն Հայաստան է ուղարկվել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ:

Ըստ նրա` շատ հավանական է, որ մոլդովական զենքը Հայաստան ուղարկելու առիթով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը եւ զենքի մատակարարման դադարեցման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան եղածը կոծկելու, Ադրբեջանին հանգստացնելու ձգտում:

«Բացառված չէ, որ մոլդովական զենքը վաղուց արդեն Հայաստան է ուղարկվել: Բայց նաեւ չի բացառվում այն, որ ոչ մի զենքի  վաճառք էլ չի եղել, եւ սա ընդամենը քաղաքական խաղ էր»,- նշել է աղբյուրը:

Ընդհանուր առմամբ, Մոլդովան այս իրավիճակում շահեկան վիճակում չի ներկայանում: Փաստացիորեն, պաշտոնական Քիշնեւը ոչ վստահելի գործընկեր դուրս եկավ:

Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցներում աղմուկ էր բարձրացել լատվիական Latspetsexports ընկերության միջոցով Հայաստան մոլդովական զենք մատակարարվելու կապակցությամբ:  Մի քանի օր առաջ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել էր, որ մատակարարումը կշարունակվի, իսկ նախօրեին մոլդովական կողմը հայտնել էր մատակարարման դադարեցման մասին:

Լրատվամիջոցների տվյալներով` գաղտնի վաճառված լոտում կան «Կոբրա» հրթիռների վերստուգիչ 9В862, 9В863 համակարգեր, ինչպես նաեւ «Կոնկուրս-Մ» հակատանկային  հրթիռների 9В871-3 համակարգ:

Այդ նմուշներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը գերազանցում է 60 հազար դոլարը: Վաճառված զինամթերքի մեջ կան հազարավոր «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ-Ս», «Մետիս» հրթիռներ: Նրանց շուկայական արժեքը գերազանցում է 5 մլն դոլարը: Զենքի վաճառքի պայմանագրում նշված են նաեւ հակատանկային ռեակտիվ հրթիռների գործարկման թանկարժեք սարքավորումներ: