Իրանի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս Նախավկայի հայկական վանքի զանգակատան վերանորոգման աշխատանքները ավարտվել են։

Ինչպես Թեհրանից հայտնել է իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, երկարատեւ լռությունից հետո նոյեմբերի 6-ին ղողանջել են պատմական վանքի զանգերն ու օրհնվել է զանգակատունը։

8-րդ դարի հայ ճարտարապետական կառույց Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգում է` Ջուլֆա քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա, Արաքս գետի հարավային ափին գտնվող այժմ լքված Դարաշամբ գյուղի մոտակայքում։

Վանական այս համալիրը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Իրանահայ լրագրողի փոխանցմամբ, տարիներ շարունակ փորձեր էին կատարվում կիսավեր զանգակատունը վերականգնելու համար, սակայն` ապարդյուն։ Վերջապես, փորձագետները հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է օգտվել Հայաստանի ճարտարապետների մեծ փորձառությունից ու վարպետությունից։ Հայաստանից հրավիրվել են  այս բնագավառում հսկայական փորձ եւ վարպետություն ունեցող՝ վերանորոգող ճարտարապետ Ամիրա Բադիշյանն ու իր գործընկեր Տիգրան Թանամյանը։

Երկու վարպետների աշխատանքների շնորհիվ, չորս ամիսների ընթացքում ավարտվել է այս ծավալուն ու դժվարին աշխատանքը։

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի զանգակատան վերանորոգման աշխատանքը կատարվել է Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության «Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի» պատասխանատու տնօրեն, ճարտարապետ Շերլի Ավետյանի հսկողության ներքո։ Ֆինանսական ծախսերը հոգացել են նշված կազմակերպությունը եւ «Արաքսի առեւտրական ազատ գոտու» տնօրինությունը։