«Հայրենատիրություն» հասարակական շարժումը կոչ է անում նոյեմբերի 22-ը հռչակել Հայրենատիրության օր:

Շարժման տարածած կոչում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերեւս ամենավառ դրսեւորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց եւ դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է՝ առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:

Սակայն, որպես ազգ եւ որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ նրա հյուսիս-արեւելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց եւ մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի է ու իրավունքների գոյության առումով անժամանցելի է:

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա եւ ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների եւ նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի եւ ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:

Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը եւ դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված եւ մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:

Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության եւ մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր:

«Հայրենատիրություն» հասարակական շարժումը կոչ է անում համայն հայությանը միանալ մեր նախաձեռնությանը եւ ամեն տարի ըստ արժանվույն՝ ցույցերով, երթերով եւ հավաքներով, նշել Հայրենատիրության օրը: