Շվեդիայի հյուսիսում գտնվող Օնգե գյուղի բնակիչները շոկի մեջ են այն բանից հետո, երբ համայնքում մեկ տասնամյակ բնակվող ընտանիքը` ծնողներն ու նրանց երեք դեռահաս որդիները, երեքշաբթի առավոտյան արտաքսվել են Հայաստան, հաղորդում է շվեդական «The Local» պարբերականը:
«Նրանք մեզնից մեկն են»,- «Aftonbladet» թերթին ասել է Օնգեի տեղական խորհրդի անդամ Սթեն Ուվե Դանիելսոնը: Նրա մեկնաբանությունները վերաբերում են Դանիելյանների ընտանիքին, որը Հայաստանից Շվեդիա էր տեղափոխվել 2000 թ-ին եւ վերջին տասը տարիներին բնակվում էր համայնքում:
Ընտանիքը Հայաստան ուղեւորվող օդանավում էր արդեն օրվա երկրորդ կեսին` թողնելով 13, 15 եւ 17 տարեկան որդիների ընկերներին արցունքների մեջ, քանի որ նրանք իրենց ընկերներին սպասում էին դպրոցում: « Դպրոցում տղաները նստել` լաց են լինում»,-պատմել է ուսուցիչ Բերիթ Հոլմը:
Մեկ այլ ուսուցիչ` Կրիստեր Գուննարը, ով դասավանդել է տղաներից մեկին, ասել է, թե ցնցված է այն զգացմունքային պոռթկումից, որը բռնկվել է դպրոցում: «Ինձ դիմավորեցին արցունքոտ աչքերով երեխաները: Բոլորը լաց էին լինում` թե մեծերը, թե փոքրերը: Նույնիսկ հավաքարարն էր հեկեկում»,-ասել է նա:
Դանիելյանների ընտանիքը երկու անգամ դիմել էր Շվեդիայում կացության համար, սակայն մերժում էր ստացել:
Անակնկալ արտաքսումից հետո մոտավորապես 3000 բնակիչ ունեցող համայնքի ավելի քան հարյուր անդամներ ի նշան բողոքի երեքշաբթի հավաքվել են քաղաքային հրապարկում. «Փրկեք ընտանիքին, թող նրանք վերադառնան Ծննդյան տոներին»,-վանկարկել են հավաքվածները:
Ընտանիքի բարեկամ Գունիլա Օրսենը թերթին պատմել է, որ Օնգեի բնակիչները ընտանիքի անդամներին համարել են հաճելի եւ պատրաստակամ մարդիկ: «Նրանց հիմնական ցանկությունը շվեդական հանրությանն ինտեգրվելն էր»,-ասել է նա:
Տեղական խորհրդի անդամ Դանիելսոնն էլ ասել է, որ ծրագրում է ուղիներ գտնել ` Դանիելյանների ընտանիքին որպես աշխատանքային միգրանտներ վերադարձնելու համար: