Ռուսական «ԻնտերՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր չի կնքվի: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով` 2003 թ. հայկական ատոմակայանը հանձնվեց հավատարմագրային կառավարման այն պատճառով, որ միջուկաին վառելիքի մատակարարումների դիմաց գոյացել էր 40-50 մլն դոլարի պարտք: Մատակարարներին երաշխիք էր պետք, ու «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հավատարմագրային կառավարումը հենց այդ երաշխիքի դեր էր խաղում: Ներկայում, ըստ նախարարի, այլեւս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ատոմակայանում անելիք չունի, քանի որ վճարումները պարտաճանաչ կատարվում են: «Արտառոց ոչ մի բան չի եղել, բոլոր վճարումներն ավտոմատ կատարում ենք, այդ պատճառով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը անելիք չունի այլեւս»,- նշեց Արմեն Մովսիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման պայմաններից, եւ մտադիր է ժամկետից շուտ խզել պայմանագիրը: