ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 22-ին, լրագրողներին է ներկայացրել 2011թ. բանակային տարում հանրապետության զինված ուժերում իրականացված գործընթացները: Նա խոսել է այն ձեռքբերումների եւ թերացումների շուրջ, որոնք արձանագրվել են անձնակազմի մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստության ոլորտում, անդրադարձել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Ներածական խոսքից հետո պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, բանակի մարտական եւ զորահավաքային պատրաստության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին եւ հարակից այլ թեմաների:

Լրագրողների հետ ունեցած հանդիպումը եզրափակվել է նախարարի կողմից կազմակերպված նախատոնական հանդիսավոր ընդունելությամբ: Մ. Հակոբյանը ներկաներին շնորհավորելով գալիք ամանորի առիթով, նրանց մաղթել է անձնական ու աշխատանքային հաջողություններ եւ համոզմունք հայտնել, որ բանակի եւ լրագրողների միջեւ այսուհետ եւս փոխհարաբերությունները կլինեն անկեղծ ու կառուցողական: