Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` դեկտեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական հետագա աշխատանքում:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի ու Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության եւ այլ բնագավառներում:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Կոսովոյում հունական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ձեռք բերած փորձն ու հմտությունները եւ նշել, որ չնայած Հունաստանը կրճատում է իր խաղաղապահների թվաքանակը Կոսովոյում, այդուհանդերձ Հայաստանի ու Հունաստանի միջեւ ռազմական համագործակցությունը այլ ուղղություններով զարգացման մեծ հեռանկարներ ունի: